Գյումրու «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ու երեխայի մահվան առիթով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը։
Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Այս հոդվածով նախատեսվում է 2-6 տարվա ազատազրկում, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Դեպքից օրեր անց մահացածի ընտանիքը շարունակում է պնդել, որ Կարինե Պապանյանի ու նրա երեխայի մահվան համար մեղավոր է հիվանդանոցի բուժանձնակազմը եւ պահանջում է արդար քննություն։
«Մենք ուզում ենք, որ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր կապված են այս գործի հետ, ովքեր թույլ տվեցին , որ մայր ու երեխա մահանան, թող զրկեն այդ բժիշկներին աշխատելու իրավունքից, որ նման դեպքեր այլեւս չլինեն, անփութություն թույլ չտան, չքանդեն ընտանիքներ»,- NEWS.am-ին ասաց Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը։
Հիշեցնենք, որ նա ներկա էր եղել մայիսի 28-ին հարսի ծննդաբերությանը եւ պնդում է, որ բժիշկները մահանալու պահին հարսի կողքին չեն եղել, եւ չնայած իրենց պնդումներին՝ հրաժարվել են կեսարյան հատում անել։ Բժիշկները վստահեցնում են, որ Կարինեի մոտ ծննդաբերության պահին ախտորոշվել է պտղաջրային էմբոլիա, ինչի դեպքում նրա կյանքը փրկել հնարավոր չէր։





























