Երեւանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պետք է ամենանշանակալին դառնա հանրապետությունում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ այդ կերպ հարկավոր է վերադարձնել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար հատկացված ճապոնական վարկը: Նա հիշեցրել է, որ 2015թ.-ին ավարտվում է 2005թ.-ի մարտին «JBIC» բանկից վերցված վարկի 10-ամյա արտոնյալ ժամանակահատվածը: «Հետեւաբար, 2015թ.-ից կսկսվեն հիմնական գումարի վճարումները, որոնց ծավալը, բաժանելով տարիների, անհրաժեշտ կլինի ներառել սակագնում»,-պարզաբանել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ «JBIC»-ից ստացած վարկը (այժմ՝ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալություն) կազմել է 26,4 մլրդ իեն(2008թ.-ի արժույթով մոտ 255 մլն դոլար, ընթացիկ արժույթով՝ 257,6 մլն դոլար): Այդ միջոցների շնորհիվ 2010թ.-ին բացվել է ժամանակակից կոմբինացված էներգաբլոկ:

Այլ կերպ կայանը չի կարող մարել վարկը, հավելել է Բաղրամյանը: «Տվյալ դեպքում ոչ եկամուտներից պահումները, ոչ ամորտիզացիան նախատեսված չեն»,- պարզաբանել է նա:

Նշենք, որ Երեւան-ՋԷԿ-ը նախկինում արդեն բարձրացրել էր էներգիայի արժեքը: Եթե 2011թ.-ին մեկ կՎտ/ժ-ի արժեքը 6,7 դրամ էր, 2013թ.-ին՝ 14,662 դրամ: ՋԷԿ-ի եկամուտի լրացուցիչ աղբյուր կարող էր ծառայել ջերմային էներգիայի մատակարարումը, սակայն պոտենցիալ գնորդ «Նաիրիտ» քիմիական գործարանը 2010թ.-ից չի գործում, իսկ ջեռուցման խորհրդային համակարգի վերականգնումն անիրական է թվում: Այդ պատճառով ՋԷԿ-ն աշխատում է կոնդենսացիոն ռեժիմում:

Նշենք, որ Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հաշվարկների համաձայն, Հայաստանի էներգահամակարգի ֆինանսների կարգավորման համար անհրաժեշտ 20 մլրդ դրամից(մոտ 48 մլն դոլար՝ խմբ.) 8,7 մլրդը բաժին է հասնում Երեւանի ՋԷԿ-ին, նշանակում է, հենց նրա սակագինն ամենից շատ կբարձրանա: Հանձնաժողովի գնահատականների համաձայն՝ սակագինը կարող է բարձրանալ 3,8-4,3 դրամով մեկ կՎտ/ժ-ի դիմաց: