Գորիսում այսօր՝ հունիսի 8-ին, վաղ առավոտից բնակչությունն ակտիվորեն մասնակցում է քաղաքապետի ընտրություններին: NEWS.am-ի թղթակիցը թիվ 7 տեղամասից հաղորդում է, որ ընտրությունները մեկնարկել են ուղիղ ժամը 8-ին: Առաջին ընտրողները հանձնաժողովի անդամներն էին, այնուհետեւ սկսվեց մարդկանց հոսքը:
Ինչպես միշտ, առավոտյան ընտրության էին գալիս տարիքով մարդիկ, որոնք անընդհատ շփոթվում էին եւ չգիտեին, թե ինչ կարգով պետք է քվեարկեին: Տպավորություն կար, որ Գորիսի բնակչությունն առաջին անգամ է ընտրության մասնակցում, քանի որ քվեախցիկներ փորձում էին մտնել մի քանի հոգով, խցից դուրս գալիս չգիտեին, թե քվեաթերթիկն ինչպես պետք է դնեն ծրարի մեջ:
NEWS.am-ի թղթակցի հարցերից հետո հանձնաժողովի անդամները սկսեցին արդարանալ, թե «ամուսիններ են, բա իրար չօգնե՞ն, մարդ են էլի, մեծացել են չգիտեն ոնց քվեարկեն»:
Հատկանշական է, որ թեեւ ընտրատեղամասեր գալիս են մեծ թվով մարդիկ, բայց փողոցները դատարկ են, հատուկենտ մարդկանց կարելի է տեսնել փողոցում, ընտրողները հիմնականում գալիս են մեքենաներով:
Նշենք, որ ընտրություններին մասնակցում են մեծ թվով դիտորդական խմբեր Երեւանից: Քաղաքապետի թեկնածուները դեռ չեն ընտրել:
Գորիսում կա 9 ընտրատեղամաս, ընդհանուր թվով ավելի քան 12 հազար ընտրող:
Գորիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:





























