Գորիսի քաղաքապետի ընտրություններում, այսօր՝ հունիսի 8-ին, 37/5 ընտրատեղամասի քվեախցիկում 3 քվեաթերթիկի ծրար է հայտնաբերվել. երկուսի մեջ եղել են քվեաթերթիկներ, երրորդը՝ դատարկ է եղել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Փաստը անձանագրել է դիտորդներից մեկը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Սագսյանը տեղի ունեցածը թյուրիմացություն է որակել, ընդգծելով, որ հավանաբար ընտրողները շփոթել են քվեատուփի հետ: Սակայն քվեաթերթիկի բացակայությունը ենթադրում է, որ չի բացառվում կարուսելի մեխանիզմը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Բաբկեն Տեր- Գրիգորյանը խոսելով 37/5 տեղի ունեցած միջադեպի մասին մտահոգություն է հայտնել ծրարից անհետացած քվեաթերթիկի վերաբերյալ: «Հավանաբար սա կարուսել է»,- նշել է դիտորդը՝ ավելացնելով. «Ընդհանուր առմամբ, ընտրատեղամասում ամեն ինչ խաղաղ է , ինչ կատարվում է, դրսում է տեղի ունենում, իրավիճակն այնտեղ վերահսկել հնարավոր չէ: Մի քանի անգամ ինքս եմ ասել, եթե մարդիկ ընտրության հետ կապ չունեն, ինչու են առավոտից ընտրատեղամասում, բնականաբար, հսկում են ամեն ինչ: Մեր դիտարկումների վերաբերյալ ներսում հանձնաժողովի անդամները արագ արձագանքում են, բայց դրսի հարցերը իրենք չեն կարող լուծել»,-ընդգծել է դիտորդը:





























