NEWS.am -ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքից:

NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կնոջ դի է հայտնաբերվել: Պարզվել է նրա ինքնությունը` նա 65-ամյա Ալվինա Դարբինյանն է, որի սպանության կասկածանքով այսօր ձերբակալվել է իր որդին` 45-ամյա Սամվել Դարբինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից: Սպանության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել` նշելով, որ նախաքննություն է կատարվում:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, որդին ոչ սթափ վիճակում վիճաբանության է բռնվել մոր հետ, բռունցքով հարվածներ է հասցրել նրան, ինչի հետեւանքով կինը գլխի շրջանում հարվածներ է ստացել եւ մահացել: Ալվինա Դարբինյանին հայտնաբերել էին լոգարանում` բռնության հետքերով:

Նշենք, որ հունիսի 7-ին, Շենգավիթ համայնքի նշված թաղամասում լուրեր էին տարածվել, թե կնոջ դին հայտնաբերվել է ոչ իր սեփական բնակարանում, այլ հարեւան բնակարաններից մեկում, սակայն այսօր պաշտոնապես հաստատվեց, որ Ալվինա Դարբինյանի դին հայտնաբերվել էր սեփական բնակարանում:

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր հունիսի` 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շենգավիթի համայնքի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքում: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր: