Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հաձնաժողովն ամփոփել է Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները:

Նախնական տվյալներով՝ Վաչագան Ադունցի օգտին քվեարկել է 4743 քաղաքացի, Հրայր Յոլյանի օգտին՝  2959 ընտրող: 511 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցին հաղորդել է, որ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում: «Որեւէ դիմում բողոք չի ներկայացվել, մենք հիմնական ահազանգերը ստացել ենք տարբեր կայքերից եւ փորձել արագ արձագանքել» -նշել է հանձաժողովի նախագահը: Ժամը 23:00-ից  Գորիսի տարբեր թաղամասերում հրավառություն է կազմակերպվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին: