24 ուսանող անհետ կորել է Հնդկաստանի հյուսիսում. վարարած գետի ալիքները քշել տարել են նրանց, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան` հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգի հեռավոր վայրում, հայտնել է  նահանգի տրանսպորտի նախարար Գուրմուկհ Սինգհ Բալին: Մանալի քաղաք էքսկուրսիայի ուղեւորված ուսանողների խումբը  լուսանկարվելիս է եղել Բեաս գետի ափին, երբ գետը քշել տարել է նրանց: Այն վարարել էր հարեւանությամբ կառուցվող հիդրոէլեկտրակայանի ջրամբարից ջուրը բաց թողնելու հետեւանքով:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները ենթադրում են, որ որոշ ուսանողներ զոհվել են: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է` չնայած մութն ընկնելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Զայրացած բնակիչները եւ զբոսաշրջիկները փակել են Բեաս գետին հարող ճանապարհը` ի նշան միջադեպի դեմ բողոքի: Նրանք իշխանություններին մեղադրում են, որ վերջիններս չեն նախազգուշացրել ջրամբարից ջուրը բաց թողնելու մասին, փոխանցում է գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: