Իսպանիայի 76-ամյա թագավորը հայտարարել է, որ մտադիր է գահը փոխանցել իր որդուն, քանի դեռ նա բավականին երիտասարդ է, գրում է The Telegraph բրիտանական թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միապետը այդ մասին հաղորդել է Իսպանիայի արքունիքի կարգադրիչ Ռաֆայել Սպոտորնոյին:
«Չեմ ցանկանում, որ իմ որդին սպասումների պատճառով թոշնի, ինչպես արքայազն Չարլզը», - հայտարարել է թագավորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
65-ամյա արքայազն Չարլզը, որին Մեծ Բրիտանիայի թագը պետք է փոխանցվի Եղիսաբեթ 2-րդից հետո, 300 տարիների ընթացքում բրիտանական գահի ամենատարեց ժառանգն է:
Խուան Կարլոսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից՝ հօգուտ իր որդու՝ Ֆելիպի հունիսի 2-ին: Սպասվում է, որ Իսպանիայի խորհրդարանը արքայազնին լիազորությունների փոխանցման մասին օրենքը կքննարկի հունիսի 18-ին: Արդեն իսկ հաջորդ օրը, Ֆելիպե 6-րդը կարող է բարձրանալ գահին:





























