Անընթեռնելի պետհամարանիշ ունենալու համար մերձմոսկովյան ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցված մեքենայի վարորդն իսկական դեբոշ է սարքել, տեսնելով, որ վարչական խախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում իր նկատմամբ: Տեղեկությունը ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունն է հաղորդում:
24-ամյա ավտովարորդը արձանագրությունը կազմող ավագ լեյտենանտների վրա է հարձակվել, կծոտել նրանց ձեռքի մատներն ու մեկի քիթը ջարդել: Իրավապահներին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցին եւ բժշկական հետազոտության ուղարկել, որի արդյունքներով պարզվել է, որ նա թմրանյութի ազդեցության տակ է գտնվում:
Գերատեսչությունից հաղորդում են, որ քրեական գործի հարուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը քննչական կոմիտե են ուղարկվել:





























