Պակիստանի ԶՈւ հատուկ ստորաբաժանումը լիովին վերահսկում է Կարաչի քաղաքի «Ջիննա» օդանավակայանի տարածքը, որը մինչ այդ գրոհայինների կողմից հարձակման էր ենթարկվել: Հայտարարությունը, Dawn թերթի օնլայն տարբերակի վկայակոչմամբ, երկրի իրավապահ մարմինների ղեկավար Սիբթաին Ռիզվին է հնչեցրել:

«Գրոհը հետ է շպրտվել, օդանավակայանի տարածքն ամբողջովին մաքրվել է ահաբեկիչներից: Շուտով կառույցի նկատմամբ վերահսկողությունը քաղաքացիական ավիացիային կփոխանցվի», - հայտարարել է Ռիզվին:

Գիշերը «Ջիննա» օդանավակայանի ուղղությամբ ծայրահեղականների հարձակման արդյունքում առնվազն 14 մարդ էր զոհվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, գրոհայիններից 10-ը ոչնչացվել են:

Հարձակումը «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» ահաբեկչական շարժման կողմից հատուցման ակցիա է եղել` խմբավորման առաջնորդի` Հաքիմուլլա Մեհսուդի սպանության համար:

«Թեհրիք-ի-թալիբան Պակիստանի» հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարաչիում կազմակերպված ահաբեկչական գործողությունը վաղուց է ծրագրվել, սական դրա իրագործումը միառժամանակ հետաձգվել է` Պակիստանի իշխանությունների հետ բանակցությունները չխափանելու համար: Հաղորդագրությունը պակիստանյան լրատվամիջոցներն են տարածել: 

Մեհսուդը 2013թ. նոյեմբեր ամսին` ԱՄՆ զինված ուժերին պատկանող անօդաչու սարքի հարվածից էր սպանվել: