Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին եւ վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ամենօրյա գործունեության մեջ:






























