Պաշտոնական Թբիլիսիի տիրապետման տակ չգտնվող Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին եւ օրինական չեն, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին: 

«Վերջին ժամանակաշրջանում զավթված Աբխազիայի տարածքից, ինչպես նաեւ Ցխինվալի շրջանից (Հարավային Օսիա) արտաքսվել են մեր հարյուր-հազարավոր քաղաքացիներ: Դրանից ելնելով` էթնիկ զտումների օրինականացումն իրականացվում է այսպիսի ընտրությունների միջոցով, որը չի համապատասխանում միջազգային օրենքներին:  Այս ընտրությունները ոչ մի դեպքում չեն կարող լեգիտիմ լինել», - հայտարարել է Զալկալիանին, փոխանցում է «Նովոստի Գռուզիի»-ն: 

Ըստ նրա` Աբխազիայում անցկացված ընտրությունների առնչությամբ արդեն ստացվել է միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես` ԵՄ-ն, ԵԽ-ի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը եւ Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան  չեն ճանաչել  ընտրությունները: