ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի իշխանական թեկնածու Արայիկ Թունյանը խուսափում է կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցից, հունիսի 9-ին  հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:  

Հակոբյանի այն հարցին, թե ինչպես է Թունյանը վերաբերվում կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի վճռին եւ ինչպես կմեկնաբանի ապրիլի 2-ի ՍԴ-ի որոշումը, Թունյանն ուղղակի պատասխան չի տվել:

Հակոբյանից հետո ելույթ ունեցած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  հայտարարել է, որ իշխանոթյան թեկնածուները փորձում են հնարավորինս զգուշավոր լինել:  «Իշխանությանը պետք են այնպիսի մարդիկ, որոնք կվախենան նույնիսկ սեփական կարծիքն ունենալ: Հենց այդ պատճառով էլ դուք ոչ մի ուղղակի պատասխան չտվեցիք հարցերին», - հայտարարել է Զոհրաբյանը:

Նշենք, Թունյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանին ՀՀ խորհրդարանն ընդունել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ժամանակավորապես դադարեցնում են պարտադիր կուտակային վճարումները: Ըստ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի՝ կենսաթոշակային համակարգի վերջնական  տարբերակը պետք է մշակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Կառավարությունը պատրաստվում է դա ավելի շուտ անել՝ մինչեւ հուլիսի 1-ը պետական աշխատավարձերը բարձրացնելը: