Թուրքիայում Վրաստանի դեսպան Տարիել Լեբանիձեն հունիսի 9-ին կայցելի այդ երկրի ԱԳՆ` բացատրություն ստանալու թուրք պատգամավորների կողմից պաշտոնական Թբիլիսիի ենթակայության տակ չգտնվող Աբխազիայի տարածք այցի մասին, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:

«Մենք Վրաստանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ ենք կանչել, որից համապատասխան  բացատրություն կպահանջենք: Բացի դրանից Անկարայում մեր դեսպանը համապատասխան դիվանագիտական քայլեր կձեռնարկի եւ կայցելի Թուրքիայի ԱԳՆ ու համապատասխան բացատարություն կպահանջի, դա տեղի կունենա այսօր», - ճեպազրույցին հայտարարել է Զալկալիանին:

Նա նշել է, որ Թուրքիան Վրաստանի գործընկերն է, այդ պատճառով էլ այդ երկրի պատգամավորների գործողությունները զարմացրել են վրացական կողմին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:

«Թուրքիան մեր գործընկերն է, մեր ընկերը եւ հարեւան երկիրը, հենց այդ պատճառով էլ մենք զարմացած ենք այդ պատգամավորների այցից:  Թուրքիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:  Մեզ հայտնի է, որ այդ պատգամավորները ներկայացնում են Թուրքիայի Սակարիա մարզը, որը բնակեցված է էթնիկ աբխազներով: Մենք ենթադրում ենք, որ դրանով էլ պայմանավորված էր նրանց հետաքրքրությունն Աբխազիայի վերաբերյալ, բնականաբար, մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա Վրաստանի իշխանությունների հետ  համաձայնեցնելուց հետո: Հենց այդ մասին էլ մենք կխոսենք Թուրքիայի դեսպանի հետ, ես վստահ եմ, որ նրանց կողմից ճիշտ պարզաբանումներ կտրվեն», - հավելել է Զալկալիանին:

Նշենք, որ անցյալ շաբաթվա վերջում Սուխում է մեկնել թուրք խորհրդարանականների պատվիրակությունը: