Դարիալի կիրճում վերսկսվել են աղետի հետեւանքների վերացման աշխատանքները, հաղորդում է Վրաստանի ենթակառույցների եւ տարածաշրջանային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Մեկ շաբաթ առաջ նախարարությունը առաջիկա օրերին Դարիալի կիրճում Ռուսաստանի ուղղությամբ ժամանակավոր ճանապարհ բացելու խոստում էր հնչեցրել, սակայն հունիսի 6-ին, երբ ռադարները լեռնային ապարների տատանումներ էին արձանագրել, մայրուղու մաքրման աշխատանքներին ներգրավված ողջ հատուկ տեխնիկան եւ անձնակազմը դուրս էր բերվել կիրճի տարածքից:
«Ներկայումս ավերածությունների մաքրման աշխատանքներն արդեն սովորական ռեժիմով են ընթանում: Մինչ այդ հանգամանորեն ուսումնասիրվել են Կազբեկին կից տարածքներում` Դեւդորաքի եւ Ամալի կիրճերում տիրող իրավիճակը, սեյսմիկ հետազոտության է ենթարկվել ողջ լեռնազանգվածը», - հավաստիացրել են գերատեսչության ներկայացուցիչները:
Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական ճանապարհի շահագործումը մայիսի 17-ին` Կազբեկ լեռան հյուսիս-արեւմտյան լանջից` Դեւդորաքի սառցադաշտից սկիզբ առած եւ Դարիալի կիրճ լցված վիթխարի սելավահոսքի պատճառով է դադարեցվել: Արդյունքում փակվել էր Թերգի (Թերեք) գետի հունը, իսկ ճանապարհը մի մասը, հսկայածավալ փլուզումների` քարի եւ հողի ու ջրհեղեղի պատճառով, անանցանելի դարձել: Մաքրման աշխատանքների արդյունքում երեք մարդու անկենդան մարմին է հայտնաբերվել, եւս չորս անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դարիալի կիրճում աղետի հետեւանքների վերացման եւ որոնողական աշխատանքներին մի շարք վրացական գերատեսչյությունների շուրջ 200 ներկայացուցիչներ են մասնակցում:





























