Որոշ մարդկանց թվում է, թե անցյալն այլեւս մոռացված է, որ ոչ ոք այդ մասին այլեւս չի հիշեցնելու: Լրագրողներին ուղղված հայտարարությունը հունիսի 9-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է հնչեցրել` մեկնաբանելով մի քանի օր առաջ iLur.am կայքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակմամբ հրապարակված հոդվածը, որտեղ իշխանությունների հասցեին խիստ քննադատություն է հնչում:
«Կարծես` ոչինչ արձանագրված չէ, եւ չկան մարդիկ, որոնք նույն բառերով կարող են սլաքը հակառակ ուղղությամբ թեքել», - նկատել է Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, իշխող մեծամասնությունը չի ցանկանում նույնպիսի կտրուկ բառերով պատասխան հղել, թեկուզեւ հնչեցված հայտարարություններն անընդունելի են իշխանության համար:
Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանի հոդվածը «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» վերտառությամբ էր հրապարակվել:





























