Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 9-ին, «Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանի նկատմամբ երկամսյա կալանք սահմանեց: Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը խախտումներով է բավարարել քննիչի միջնորդությունը:
«Ներսեսը ձերբակալվել էր ամսի 6-ին, ժամը 15-ին: Այսինքն պետք է մինչև ժամը 15-ը դատարանի որոշումը կայացված լիներ, այնինչ դատարանը 17։15-ին նոր որոշում կայացրեց: Այսինքն 2 ու կես ժամ մարդը ապօրինի անազատության մեջ է գտնվել: Բացի դա որևէ հիմնավորում չկա, որ մարդու դեմ, որ ստացել է չորս հրազենային վնասվածք, որ լավ բնութագրեր ունի, անչափահաս երեխաներ ունի իր խնամքին, անհիմն որոշում է ներկայացվում, ու դատարանը բավարարում է»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ Ներսեսի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ։ Նրա համար համար դատարան շտապօգնություն են կանչել, որը մի քանի անգամ օգնություն է ցույց տվել Ներսեսին։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը կալանավորելու որոշում կայացնելիս հաշվի չի առել ոչ այս փաստը, ոչ էլ իրենց ներկայացրած մյուս ապացույցները։
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել էր հունիսի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























