Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը մինչեւ հունիսի 12-ը «Վերին Լարսի» բացման հարցով իր վրացի գործընկերներից լավ նորությունների է սպասում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կդիմի վրացի եւ ռուս գործընկերներին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ճանապարհներին ռիսկը նվազեցնելու համար, հաշվի առնելով այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը:
Նրա խոսքով՝ ռուս-վրացական սահմանին Հայաստանից բեռների մեծ կուտակումներ են նկատվում, քանի որ էքսպեդիտորները նոր բեռնատարներ չեն ուղարկում, սպասելով ճանապարհի մաքրմանը:
«Ինչպես գիտեք, այդ հատվածը բավական ռիսկային է, այնտեղ հաճախ են քարաթափումներ ու սողանքներ լինում, ուստի մեծ ուշադրության կարիք կա»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին հորդառատ անձրեւների պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որն այս պահին միակն է, որը կապում է Վրաստանը Ռուսաստանին: Մյուս երկու ճանապարհները,Աբխազիայով եւ Հարավային Օսիայով, անհասանելի են:




























