«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման եւ սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) իրականացման գծով եւ սույն թվականի մայիսի 26-ից սկսվել է նշված պայմանագրի շրջանակներում հաճախորդների սպասարկման գործընթացը:
Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) անունով, երեխայի հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո, իսկ մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալը, ընտանեկան դրամագլուխը անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես հետեւյալ ուղղություններով՝
1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.
2) հաշվետիրոջ կամ նրա ընտանիքի անդամի (ով հաշվի է առնվել հաշվետիրոջ կարգաթիվը որոշելիս) կամ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) հաշվետիրոջ կամ նրա ընտանիքի անդամի (ով հաշվի է առնվել հաշվետիրոջ կարգաթիվը որոշելիս) կամ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Պետական աջակցության հաշիվների բացումը եւ սպասարկումն անվճար է:
Պետական աջակցության հաշիվ բացելու համար կարող եք մոտենալ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ (ՀՀ, ք. Երեւան, Նալբանդյան 48) կամ ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
• Հաշվետիրոջ՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթ եւ Հանրային Ծառայությունների Համարանիշ տրամադրելու վերաբերյալ տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) եւ/կամ սոցիալական քարտ եւ/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ եւ Հանրային Ծառայությունների Համարանիշ տրամադրելու վերաբերյալ տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) եւ/կամ սոցիալական քարտ եւ/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• Դիմողը՝ Հաշվետիրոջ ծնողը, խնամակալը կամ որդեգրողը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:




























