Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 26-ամյա Դ. Թ.-ն եւ 21-ամյա Մ. Հ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 18-ամյա Դ. Կ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Դ. Կ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Մ. Հ.-ինը եւ Դ. Թ.-ինը` ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:





























