Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համոզված է, որ իր եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը ոչ մեկին չի դանակահարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետը՝ անդրադառնալով Aravot.am-ում հրապարակված տեղեկությանը, թե ինքը Նուբարաշենի բնակիչներից մեկին՝ Սուսաննա Հովհաննիսյանին, առաջարկել է, որ դանակահարությունը վերջինիս տղան՝ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանն իր վրա վերցնի:
«Դա հերյուրանք է, իբր այդ կանայք այդպիսի բան են ասում: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ինչո՞ւ պետք է ես այդպիսի բան անեմ, եթե իմ ազգականը կապ չունի դանակահարության հետ: Մեր համոզմամբ՝ Սեդրակ Օսիպյանը չի դանակահարողը»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք հետախուզման մեջ գտնվող իր եղբորորդուն գտել են՝ Օսիպյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին կալանավորելու որոշում Էրեբունի եւ Նուրաբաշեն ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:





























