Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության գործն Էրեբունի վարչական շրջանի դատախազն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որտեղ էլ կորոշվի, թե որ քննչական մարմինն է զբաղվելու այս գործով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այս գործով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Էրեբունի վարչական շրջանի դատախազը հունիսի 6-ին գործը զեկուցագրով ուղարկել է գլխավոր դատախազին, վերջինս էլ պետք է որոշում կայացնի, թե որ քննչական մարմնիը զբաղվի այս գործով: Պատճառը թերեւս այն է, որ հետախուզման մեջ գտնվողը Վալերի Օսիպյանի ազգականն է, դրա համար չեն ցանկանում, որ ոստիկանության քննչական բաժինը գործն ուսումնասիրի»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ բացի ոստիկանությունից՝ գործով կարող է զբաղվել ԱԱԾ, ՀՔԾ եւ ՊՆ քննչական ծառայությունները:
«Ինքս որեւէ գործողություն դեռ չեմ կատարել, Սեդրակ Օսիպյանի հետ չեմ խոսել, դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, այդ պատճառով չեմ կարող ոչինչ ասել: Երբ գլխավոր դատախազը որոշումը կկայացնի, այդ ժամանակ էլ նախաքննությունը կշարունակվի: Նույնիսկ զեկուցագրին ծանոթ չեմ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին կալանավորելու որոշում Էրեբունի եւ Նուրաբաշեն ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր հունիսի 3-ին: Սեդրակ Օսիպյանը գտնվում է հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:





























