Երեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տան մոտ հունիսի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած  քաշքշուկի պատճառով բերման էին ենթարկվել 11 ակտիվիստ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել, որովհետեւ դիտավորյալ փչացրել են ուրիշի գույքը, այս պահին նյութեր են նախապատրաստվում, բերման ենթարկված քաղաքացիներին գիշերն ազատ են արձակել:

Մեր տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվելու Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը: Տարածք նաեւ ոստիկաններ էին ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել էին դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել էր քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: