«NEWS.am» լրատվական կայքում հունիսի 7-ին տեղադրված «Մեկ ասում են՝ խաղ են արել, մեկ էլ, թե թուրքի տեղ են դրել. մահացած զինվորի հարազատներին հստակ ոչինչ չեն ասում» հոդվածի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ուղարկել:
«N զորամասի մարտական դիրքում հրազենային վիրավորումից Արման Արտյուշայի Ղուկասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել ոչ թե վերջինիս հորեղբայրը, այլ Ա.Ղուկասյանի հայրը՝ Արտյուշա Ղուկասյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյուշա Ղուկասյանը օգտվում է քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորություններից եւ որպես դատավարության մասնակից նա է ծանոթացել քրեական գործով փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին, տեղեկացվել քրեական գործի նախաքննության ընթացքի մասին, նա է իր ցանկությամբ, հարազատների հետ միասին գտնվել դեպքի վայրում եւ տեղում ստացել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, նրան է իրավունք վերապահվել առանձնազրույց ունենալ դեպքի պահին դիրքում գտնված զինծառայողների հետ: Ա.Ղուկասյանն է ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, հարցաքննվել որպես վկա: Բացի այդ, քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, պարբերաբար հեռախոսային կապի միջոցով, Ա.Ղուկասյանին է տեղեկացնում քրեական գործով նախաքննության ընթացքի մասին»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ Արմանի հորեղբայրը մեզ հետ զրույցում պատմել էր, թե խոսել է Արմանի ծառայակից ընկերների հետ, որոնք ասել են, թե «թուրքի տեղ են դրել, դրա համար են սպանել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր:





























