Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանից 6000 լիրա շորթելու դեպքի հետ կապված խորհրդարանում գրավոր հարցադրումներ է ուղղել փոխվարչապետ Բյուլենթ Առընչին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. CHP-ի փոխնախագահ Սեզգին Թանըքուլուն խորհրդարանում փոխվարչապետ Բյուլենթ Առընչին ուղղված գրավոր հարցադրման մեջ հետաքրքրվել է, թե ինչպես է եղել, որ Պոլսո հայոց պատրիարքարան մտած անձը տեղյակ է եղել Էրդողանի եւ արք. Աթեշյանի միջեւ «Սանասարյան հանի» վերաբերյալ խոսակցության մանրամասներին, ինչպես նաեւ հարցրել, թե արդյոք  արք. Աթեշյանից 6000 լիրան շորթած Քեմալ Թայֆունի որեւէ կապ ունի՞ վարչապետի աշխատակազմի հետ։

Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 25-ին Պոլսո հայոց պատրիարքան ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանը Ռամազանի տոնական ընթրիքի (իֆթար) շուրջ հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում Էրդողանը խոստացել էր միջնորդել արագորեն հետ ստանալ Ստամբուլի կենտրոնում գտնվող եւ նախկինում հայ համայնքից խլված «Սանասարյան հան» անունը կրող շենքը։

Այս լուրը հայտնվել էր մամուլում, որից հետո պատրիարքարան է ներկայացել մի անձ՝ պնդելով, որ ինքը Ազգային կադաստրի տեսուչ է եւ «Սանասարյան հանի» վերադարձի համար անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթերի տակ ստորագրություն վերցրել եւ գործընթացի ծախսերի համար պահանջել եւ արք. Աթեշյանից ստացել 6 հազար լիրա։

Ավելի ուշ, երբ արք. Աթեշյանը կապնվել էր վարչապետի աշխատակազմի հետ՝ հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Քեմալ Թայֆունին, ում նկատմամբ 9 մեղադրանք է առաջադրվել։