Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի` 1 կՎտ-ժամի դիմաց 3,8 - 4,3 դրամի սահմաններում թանկացում է «նախաձեռնել»: Առաջին հայացքից մանրուք է թվում` ընդամենը մի քանի դրամ: Սակայն դա առնվազն 10 տոկոսի չափով աճ է նշանակում:
Անցյալ տարի, բնական գազի սակագնի բարձրացման հարցի շուրջ աժիոտաժից օգտվելով, նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեցին` ցերեկայինը` 26,7 տոկոսով, իսկ գիշերայինը` 40: Քաղաքակիրթ երկրում նման կտրուկ թանկացումը նախարարական հրաժարականներով զուգորդված խոշոր սկանդալի առիթ կարող էր դառնալ: Բայց մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ այլ է:
Հանձնաժողովի գնահատմամբ, «էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսական կայունության, ինչպես նաեւ վստահելի եւ անվտանգ էլեկտրամատակարարման համար» շուրջ 20 մլրդ դրամ է հարկավոր: Դա քի՞չ է, թե՞`շատ: Նկատենք, որ այդչափ հասույթ հավաքելու համար, ներկայիս սակագնով (միջինը 34,7 դրամ), գրեթե 0,6 մլրդ կՎտ-ժամ էլեկտրաէներգիայի թողարկում է հարկավոր: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի 6,4 մլրդ կՎտ-ժամ է թողարկվել (Իրանին տրամադրվող էլեկտրաէներգիան չհաշված):
Ակնկալվում է, որ հանձնաժողովը պետք է բնական մենաշնորհների ոլորտում տնտեսվարող սուբյեկտների եւ սպառողների միջեւ շահերի հավասարակշռություն պահպանի: Այնինիչ մոնոպոլիստների «բեսպրեդելը» գնալով ակնհայտ է դառնում:
Հանրային ծառայությունների ինքնարժեքում ներառված անարդարացի ծախսերը, որպես կանոն, սպառողների ուսերին են նստում: Օրինակ` մայրաքաղաքում խմելու ջրի կորուստների հետ կապված ծախսերը (մատակարարման ծավալի 80 տոկոսից ավելին) առաջարկվող սակագնի մաս են կազմում: Այսինքն` համակարգ մուտք գործող ջրի հինգերորդ մասն օգտագործելով` սպառողն ամբողջի համար է վճարում` ներառյալ «կորած» չորս հինգերորդ մասը:
Հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը գնալով խորանում է: Առաջին բեռեւի եկամուտների ավելացումը երկրորդի` համարժեք չափով աղքատացման է բերում: Գնաճի հետ պայքարի մեջ մտած հասարակ քաղաքացին ստիպված է ապրանքների սպառման ծավալը կրճատել:
Այս պայմաններում առանձնակիորեն այժմեական է դառնում էներգակիրների, մասնավորապես` էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման հարցը: Հարկավոր է կՎտ-ժամի կոնկրետ քանակի համար ցածր սակագին սահմանել, եւ միայն դրանից հետո` առավել բարձր բարձր դրույքաչափեր, ինչի արդյունքում ծախսերի բեռնվածության բաշխումը սպառողական խմբերի միջեւ (ըստ եկամուտների) առավել արդարացի տեսք կստանա:
Ի միջի այլոց, Մաքսային միության անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունում հիշյալ պրակտիկան (այսպես կոչված «սպառման սոցիալական նորմա») ընթացիկ տարվա հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ է մտնելու, իսկ մենք պատրաստվում ենք շուտով այդ կառույցին ինտեգրվել:
Սմբատ Գրիգորյան




























