Արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության  հունիսի 10-ի ակցիայի ժամանակ բերման ենթարկված չորս քաղաքացիները ժամը 14:30-ին մոտ վերադարձան Բրազիլիայի հրապարակ, որտեղ նրանց սպասում էին ավտոերթի մյուս մասնակիցները, նրանք տեղեկացրին, որ իրենց ազատ են արձակել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու:

«Մենք ջենթլմենական համաձայնության էինք եկել ոստիկանների հետ, որ մենք ակցիան կավարտենք, եթե մեր ընկերներին բաց թողնեն: Մենք գնացինք ոստիկանություն, այնտեղ մեզ արդեն սպասում էին, բերման ենթարկվածներին ազատ արձակեցին, քանի որ նրանց բերման ենթարկելու համար իրավական հիմքեր չկային»,- ակցիայի մասնակիցներին ասաց Վարդան Հակոբյանը, որը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ գնացել էր ոստիկանություն տղաների հետեւից:

Հիշեցնենք, որ 4 քաղաքացիներ՝ Արթուր Կրոյանը, Արտաշ Միսակյանը, Արմեն Մելիքյանը, Արմեն Բիլանյանը բերման էին ենթարկել Լենինգրադյան- Շինարարներ փողոցից ավտոերթի ճանապարհը փակած ոստիկանների հետ բախման ժամանակ:

Հիշեցնենք, որ սա նախաձեռնության երրորդ ավտոերթն էր: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am