Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված ժամկետային չորս զինծառայողներն ապաքինվում են, սակայն նրանց դուրսգրման մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վիճակները բավարար են, ապաքինվում են: Բուժման ընթացքը ցույց կտա, թե երբ դուրս կգրվեն: Զինծառայողն էլ, որը աչքի վիրավորում էր ստացել, այժմ կոնսերվատիվ բուժում է ստանում, ամենայն հավանականությամբ չեն վիրահատի, առայժմ կարիք չկա վիրահատելու»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք ապաքինվելուց հետո զինծառայողները կկարողանան մեկնել ծառայության՝ Արամ Ասատուրյանը պատասխանեց. «Բուժվելուց հետո փորձաքննություն կնշանակվի, որից հետո փորձաքննական մարմինը կորոշի իրենց պիտանելիության հարցը: Այս պահին ոչինչ ասել չենք կարող»:
Նշենք, որ զինծառայողները ստացել էին բեկորային վնասվածքներ: Մայիսի 31-ին վիրավորված տղաներին այցելության էր գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին:





























