Երեւանի բնակիչ, 27-ամյա Լյովա Հ.-ն մեղադրվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին: Լյովան Նուբարաշեն թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Դիանա Գ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Լյովան դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Լյովա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























