Առաջիկա տարիներին ռուսական կինոընկերությունները մտադիր են բազում ֆիլմեր նկարահանել Ղրիմում եւ ստեղծել արտադրական բազա, որը, ըստ էության, կլինի ամերիկյան Հոլիվուդի ռուսական համարժեքը: «Film Journal»-ը գրում է, որ դա Ռուսաստանի կինեմատոգրաֆների միության ղեկավար Նիկիտա Միխալկովի մտահղացումն է: Ռեժիսորի խոսքերով՝ կարեւորագույն քայլերից կլինի Յալթայի կինոստուդիայի վերածնունդն ու որպես կինոարտադրության խոշորագույն հրապարակի օգտագործումը: Զուգահեռաբա, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախատեսում է վերածնել Միջազգային յալթյան կինոփառատոնը:

Բացի դրանից, Ռուսաստանը նախատեսում է նկարահանել առաջին ֆիլմ-աղետը: Հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր, «Ցենտրալ Փարթներշիփ» խոշոր ռուսական կինոընկերության հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը, պատրաստվում է մեծ բյուջեով «Մի երկրաշարժի պատմություն» էքշըն-դրամայի նկարահանումներին՝ հիմնված Սպիտակի ավերիչ երկրաշարժի փաստերի վրա: «Մենք նախատեսում ենք սկսել նկարահանումները 2015թ. Հայաստանում, որտեղ ստացել ենք կառավարության, մշակութի նախարարության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությունը: Դերասանական կազմը բազմազգ է լինելու. մրցույթ կանցկացվի Ֆրանսիայում եւ այլ եվրոպական երկրներում, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության երկրներում, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայում եւ Վրաստանում: Այժմ բանակցություններ են ընթանում Վլադիմիր Մաշկովի հետ, ով, հավանաբար, կստանձնի հերոսի դերը», - ասել է Դիշդիշյանը:

Սպասվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 5 մլն դոլար: Արտադրությունը կաջակցվի հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի կողմից ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի կողմից: Հետաքրքիր է, որ դա ռուսական կինոյում գործնականում առաջին ֆիլմ-աղետն է : Ավելի վաղ կինոռեժիսորները չէին համարձակվում դա անել տեխնոլոգիաների, գումարի եւ այս ոլորտում փորձի բացակայության պատճառով: