Թուրքիայի նախագահին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի հրավերում առկա է 2 նպատակ։ Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ, ամերիկաբնակ թուրքերի Turkishny.com լրատվական և վերլուծական կայքում հրապարակված «Սարգսյանի հրավերը» վերտառությամբ հոդվածում գրել է թուրք պաշտոնաթող դեսպան Օմեր Էնգին Լյութեմը։ Ըստ նախկին դիվանագետի՝ ՀՀ նախագահի հայտարարությունը հետեւյալ նպատակներն է հետապնդում.
«1. Ցույց տալ, որ անընդունելի է ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հղած նմանօրինակ ցավակցական ուղերձի միջոցով կարգավորման նոր քաղաքական գործընթացի սկսումը:
2. Նվաստացուցիչ քայլի մղել Թուրքիայի նախագահին: 1915-ի դեպքերը ցեղասպանություն չճանաչող երկրի նախագահին ապրիլի 24-ին Երևան հրավիրելու միջոցով ցեղասպանությունը ճանաչել տալն այլ բան չի կարող նշանակել»:
Լյութեմը նշում է, որ ՀՀ նախագահի հրավերը թեև սենսացիոն բնույթ ուներ, բայց այն Թուրքիայի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական շրջանակներում ըստ էության ուշագրավ արձագանք չգտավ: Դա, թերևս, բացատրվում է Թուրքիայի քաղաքական օրակարգի ծանրաբեռնվածությամբ:
Թուրք նախկին դիվանագետը դեմ է, որ Թուրքիայի նախագահը հրավերն ընդունի և մեկնի Հայաստան, քանի որ, ըստ նրա, դա ավելի մեծ հնչեղություն կհաղորդի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայերի գործողություններին: Լյութեմը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչել է 2 տասնյակ երկիր, բայց նրանցից ոչ մեկը Թուրքիայի առաջ չի բարձրացրել հատուցման կամ հողերի վերադարձման խնդիր, ակնարկ չի արվել նույնիսկ: Հոդվածի հեղինակը պնդում է, թե Ցեղասպանության ճանաչման հայկական պահանջը չունի իրավական հենք, ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի մատնանշած անհրաժեշտ դատավճիռը չկա, իսկ հայ-թուրքական սահմաններն ամրագրված են Կարսի պայմանագրով, Լոզանի պայմանագիրն էլ պատերազմից հետո հատուցում կատարելու գործողություն չի նախատեսել Թուրքիայի համար:
Այսպիսի դատողություններով թուրք դիվանագետը եզրակացության է գալիս, թե իրավական հարթությունում չկա հայկական հարց: Ըստ նրա` հայերը, օգտվելով Ցեղասպանության հարցի արծարծումից, փորձում են քաղաքական հարթությունում հայկական հարց ստեղծել, որը հարկ եղած ժամանակ որպես լծակ կկիրառվի Թուրքիայի վրա:
Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում իր դիտարկած հետևյալ հանգամանքի վրա. «Սերժ Սարգսյանը 2010 թվականից հետո, երբ արձանագրությունների գործընթացն ավարտին չհասցվեց, փոփոխություն է մտցրել Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման մեջ:
Նոր գործելաոճով հանդես եկող ՀՀ նախագահը չի ընդունում հաշտեցմանն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունները: Բացի այդ էլ աջակցում է սփյուռքից հնչող պահանջատիրությանը»:
Նախկինում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լիբիայում և Վատիկանում դիվանագիտական առաքելություններ կատարած Օմեր Էնգին Լյութեն այժմ ղեկավարում է «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոն»-ի (ASAM) շրջանակներում գործող «Հայկական հետազոտությունների ինստիտուտ»-ը (ERAREN):





























