Հունիսի 11-ի գիշերը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքի հյուսիսում` Սալահ-էդ-Դին նահանգում գտնվող Բայջի քաղաքը (Բաղդադից 200 կմ հյուսիս-արեւմուտք): Երկրի ՆԳՆ հաղորդմամբ, ծայրահեղականները մի քանի կառավարական շենք են ոչնչացրել եւ նավթամշակման գործարանը շրջապատման մեջ առել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով, գրոհայինները հրդեհել են ՆԳՆ համալիրը եւ քաղաքային դատարանի շենքը: Վերահսկողության տակ են վերցվել նաեւ քաղաքում գտնվող բանակային զինապահեստները: Անվտանգության ուժերին դեռեւս հաջողվում է գործարանի տարածքը անձեռնմխելի պահել: Իրավապահ մարմիններն ընգծում են, որ արմատականների թիրախը նավթով հարուստ Քուրդիստանն է:
Ահաբեկիչների վերահսկողության տակ անցած շրջաններում ծանր մարտեր են ընթանում, ուժայինները կատաղի դիմադրություն են ցույց տալիս «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ջոկատներին եւ հակագրոհի ապարդյուն փորձեր անում: Երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին համընդհանուր զորահավաք է հայտարարել եւ խորհրդարանին դիմել` արտակարգ իրադրության ռեժիմ մտցնելու պահանջով:





























