Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, բարձր գնահատելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության ներկա մակարդակը, նախարարն ընդգծել է, որ հատկապես իրավական ոլորտում երկու երկրները կարող են փոխանակել միմյանց փորձը եւ մշակել համագործակցության արդյունավետ ուղիներ: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ համագործակցության իրավական հիմքերը:
Անդրադառնալով երկու երկրների բազմաբեւեռ կապերին՝ դեսպանն անդրադարձել է հայ ժողովրդի կողմից մինչ օրս զգացած ջերմ վերաբերմունքին՝ ընդգծելով, որ եթե շատ երկրներում հաճախ են շփոթում Լիտվան Լատվիայի հետ, ապա Հայաստանում երբեք նման մոտեցման չի հանդիպել:
Շնորհակալություն հայտնելով այցելության եւ արդյունավետ քննարկումների համար՝ նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցությունը, դրանում ակնկալելով նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գործուն աջակցությունը:





























