ԱՄՆ-ում հունիսի 10-ին մեկնարկել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվար որոշումներ» նոր հուշագրությունների վաճառքը, հաղորդում է Associated Press-ը:

Հեղինակը գրքի վաճառքը խթանալու նպատակով շրջագայում է Նյու-Յորքի գրախանութներով, որտեղ երկրպագուները հերթ են կանգնում` հուշագրերի իրենց օրինակի վրա ինքնագիր ստանալու համար:

«Դժվար որոշումներ» գրքում Քլինթոնն իր կյանքն է ներկայացնում` ԱՄՆ առաջին տիկնոջ եւ պետքարտուղարի դերում: Մասնավորապես, հուշագրերի հեղինակը Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ու դրա հետ կապված իր «դժվար որոշումներն» է ներկայացնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բազմաթիվ քաղաքագետներ եւ լրագրողներ գրքի վաճառքի խթանմանը նվիրված արշավը 2016թ. նախագահական ընտրությունների նախերգանքն են համարում: Ինքը` Քլինթոնը հայտարարել է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ որոշում է կայացնելու` արդյոք պե՞տք է երկրի բարձրագույն պաշտոնին իր թեկնածությունն առաջադրի:

Հեղինակի նախորդ հուշերը` «Կենդանի պատմությունը», 2003թ.-ին են լույս տեսել:

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ առաջին տիկին է եղել 1993-2001թթ., իսկ պետքարտուղար` 2009-2013թթ.: Ամուսնու նախագահական ժամկետի ավարտից հետո` մինչ պետքարտուղար նշանակվելը նա Նյու-Յորք նահանգի սենատորն է եղել: