Աստանան «ռազբորկայի» տեղ չէր, որ Սերժ Սարգսյանը պատասխաներ Ղազախստանի նախագահ Նազարբաեւին: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
«Նազարբաեւն ուղղակի ցանկանում էր հաճոյանալ Ալիեւին, իսկ Սերժ Սարգսյանն էլ ճիշտ արեց, որ չպատասխանեց, դա ռազբորկայի տեղ չէր: Տղայական խոսակցություն չի, որ դուրս կանչես, ինչ-որ բան ասես, սա քաղաքականություն է»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքին համաձայն է նաեւ ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը, որը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Նազարբաեւի ասածը տհաճ էր, բայց ոչ վնասելի»:
«Վերջերս շատ է քննարկվում Աստանայում տեղի ունեցող գործընթացները: Արտառոց ոչինչ չի կատարվել, ուղղակի պետք է մեջբերում անեմ Սերժ Սարգսյանի ելույթից` «տհաճ էր, բայց ոչ վնասելի»: Սա այն դեպքը չէ, որ հենց այդ պահին պետք է պատասխան տալ: Անիմաստ նամակ էր, որ եթե պատասխանեինք, ապա ավելի կարժեեւորեինք այդ անիմաստ նամակը:
Սա տնտեսական համագործակցություն է»,- ավելացրեց նա:
Լրագրողների հարցին, թե ինչքանով է ճիշտ անդամակցել մի միությանը, որտեղ Նազարբաեւը ստանձնել է Ադրբեջանի «փաստաբանի» դերը` Տաճատ Վարդապետյանն ընդգծեց. «Սա մեր խնդիրը չէ, չեմ կարծում, որ Նազարբաեւի հեղինակությունն ավելի բարձրացավ, սա անտեղի, անհարկի հայտարարություն էր, որը չէր առնչվում միության հետ: Ոչ թե հերոսացավ Նազարբաեւը, այլեւ հեղինակազրկվեց»:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























