Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը համոզված է, որ եթե Անաստաս Միկոյանը չլիներ, ապա 1937թվականին զոհերն ավելի շատ կլինեն:

«Միկոյանը լավ բան է արել Հայաստանի համար, մոռանում ենք, որ Միկոյանի երկու տղաները բանտերում էին, իսկ հայրն էլ չէր կարողանում օգնել ու բանտից հանել: Մոռանում ենք, թե եկեղեցիների պահպանման համար ինչեր է արել: Ամեն դեպքում հարցը շատ վիճահարույց է, որովհետեւ մյուս կողմից էլ կան փաստեր, թե քանի մարդ է կոտորել: Սակայն համոզմած եմ, որ եթե նա չլիներ, ապա զոհերն ավելի շատ կլինեին: Չմոռանանք նաեւ, որ երրորդ համաշխարհային պատերազմն է կանխել»,- այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մինչդեռ ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը չի հավատում, որ Միկոյանը վնաս է տվել հայ ժողովրդին:

«Ասենք թե վատ քայլ է արել, բայց համոզված եմ, որ պարտադրված է արել: Միկոյանը շատ դրական բաներ է արել Հայաստանի համար: Իր ազգային պատկանելիությամբ ինքնին պետք է դրական վերաբերմունք առաջացնի հասարակության մեջ: Նա եղել է գերտերության երկրորդ դեմք եւ ազգությամբ հայ եւ պետք է ըմբռնումով մոտենալ, ոչ թե հերոսացնել, այլ նրա արձանի տեղադրումը պետք է ընդունելի լինի: Միայն այն, որ նա հայ է, պետք է արժանին մատուցել»,- նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե նույն համատեքստում կարելի է տարիներ անց տեղադրել Քիմ Քարդաշյանի արձանը` Արագած Ախոյանը պատասխանեց. «Կարող ա մի օր էլ Քարդաշյանի արձանը դնենք, եթե այս վիճակին մնանք: Բայց ինքս բացառում եմ, որովհետեւ մենք պետք է հայրենասեր երեխաներ դաստիարակենք: Անձամբ ես հետամուտ եմ այդ հարցին, եւ այս տեսանկյունից ինձ այս հարցը տալը այնքան էլ տեղին չէ»:

Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը Երեւանի ավագանին կայացրել է ապրիլի վերջին: Որոշումը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Մի շարք մասնագետներ համոզված են, որ Միկոյանի արձանը ոչ մի դեպքում չպետք է տեղադրվի Երեւանի կենտրոնում: