Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը, որը հունիսի 6-ի գիշերն իրենց տան մոտ կրակել էր, հունիսի 10-ի երեկոյան ներկայացել է ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Սամվել Քոթանջյանը բաժին է ներկայացել ժամը 23:30-ի սահմաններում: Վերջինս ձերբակալված է:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի խորհրդականը դեպքից հետո զանգերի չի պատասխանում:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: