Ես էլ Գոռ Առաքելյանի պես կվարվեի, կարող է՝ ավելի վատ բաներ անեի աֆեկտի տակ, որովհետեւ կա տղամարդկային թասիբ եւ արժանապատվություն: NEWS.am-ի հետ զրույցում «Վերնիսաժի» դեպքերի մասին այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

«Մեր Կարո Կարապետյանի փեսան է, հայտնվել է մի իրավիճակում, որից ոչ մեկը երաշխավորություն չունի, թե ինքը ոնց կվարվի տվյալ իրավիճակում: Մենք հայ ենք, ունենք մեր կոլորիտը, մեր չգրված օրենքները: Նույն իրավապահ մարմիններին մտերմիկ զրույցում ասել եմ՝ եղբայր, որեւիցե մեկը ստրախովկա ունի, որ ինքը էդ սիտուացիայում չի հայտնվի, չէ՞ որ մենք հայ ենք, մի բան, որը կապ չունի ստացած կրթության, պաշտոնի, դիրքի հետ: Ուղղակի որպես տղամարդ՝ մենք ունենք թասիբ, արժեքները տրադիցիոն, պատիվ, դրան էլ գումարվում են հնարավորությունները եւ ստացվում է այս որակը: Ես անկեղծ ասեմ՝ ես էլ Գոռի պես կվարվեի, կարող ա աֆեկտի տակ ավելի վատ բան անեի: Դա աֆեկտային իրավիճակ է, որն այդ պահին թելադրում է մեր գիտակցությունը»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք պատգամավորների եւ պաշտոնյաների բարեկամների վերջին «ակտիվությունը» անպատժելիության մասին է խոսում՝ ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Անպատժելիության մասին խոսք չկա, ուղղակի Հայաստանն այնքան փոքր եւ բնակչությունն էլ այնքան քիչ է, որ ամեն մեկը ինչ-որ մեկի բարեկամն է: Ես ունեմ մեծ գերդաստան, ես ամեն մեկի համար պատասխանատու չեմ: Իհարկե, աշխատանքներ այս ուղղությամբ տանում ենք, ասում ենք, որ իրենք ոչ միայն իրենց համար են պատասխանատու, այլեւ մեզ համար, մենք էլ իրենց համար են պատասխանատու: Համենայն դեպս ինձ համար էլ այնքան էլ հաճելի թեմա չի, որովհետեւ ոչ կարող ես քննադատել, ոչ բացասական բաներ գտնել, ոչ էլ տեղյակ ես: Տհաճ  երեւույթ ա: Ուղղակի որ անունն արդեն կապված է ինչ-որ պատգամավորի կամ պաշտոնյայի հետ, միանգամից դառնում ա հնչեղ»:

Նշենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ կրակել եւ 5 անձի էր վիրավորել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան՝ Գոռ Առաքելյանը: Վերջինս ձերբակալված է: Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում 22-ամյա երիտասարդի էր դանակահարել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, որին կալանավորելու որոշում էր դատարանը կայացրել: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ: Հունիսի 6-ի գիշերն էլ Զեյթունում օդ էր կրակել Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, որը հունիսի 10-ի երեկոյան ձերբակալվել էր: