Պետական Դումայում նոր օրինագիծ է մտցվել, որը նախատեսում է ՌԴ առանց վիզա մուտք գործող արտասահմանցիների համար մուտքավճարների գանձում: Նախաձեռնության հեղինակը «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Նիլովն է:

Օրենքի նախագիծը արգելք է սահմանում արտասահմանյան քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ ՌԴ առանց վիզայի մուտքի վրա, եթե նախապես վճարված չէ մուտքի վճարը: Վճարման չափն ու կարգը սահմանում է ՌԴ-ի կառավարությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նիլովն ընդգծում է, որ «նման վճարի ներմուծումը պայմանավորված է արտասահմանյան քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետդարձի համար բյուջեի ծախսերի կրճատման մտադրությամբ, լինի դա արտաքսում, թե ՌԴ-ի տարածքից վարչական հեռացում»: Նրա խոսքերով՝  օրինագծով ներմուծված դրույթները «լայնորեն տարածված են համաշխարհային օրենսդրությունում եւ պետության տարածքում արտասահմանյան քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարված հանցագործությունների, կամ պետության տարածքում այլ անցանկալի պատճառներով մուտք գործելու դեպքում դրանց արտաքսման երաշխիքն են»:

Նիլովը բերել է Եգիպտոսի, Բարբադոսի, Թունիսի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապեության, Մալդիվների եւ այլ երկրների օրինակները: Ավելին, նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ «շատ երկրներում, այդ թվում նաեւ՝ Եվրամիության տարածքում, ապահովագրական վճար է գործում, ինչը նույն մուտքավճարի համանմանությունն է եւ  նույն նպատակներն ունի, ինչ հռչակում է տվյալ օրինագիծը»: