Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշաննների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը, որը նախօրեին մասնակցում էր նախաձեռնության կազմակերպած ավտոերթին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոստիկանությունը միտումնավոր է խաթարել իրենց երթը:
«ՊՊԾ -նհրահանգավորված եկել էր խանգարելու մեր բողոքի ակցիան, ինչը նրան որոշ չափով հաջողվեց: Բոլոր լրատվամիջներում երևում էր, որ ՊՊԾ ծառայության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն առաջինն է հրահրել քաղաքացուն: Նման դեպքերում կարելի է տեղում վարչական ակտ կազմել, ոչ թե հրոսակաբար մարդկանց բերման ենթարկել»,-նշեց Արտաշես Միսակյանը:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի խոսքով՝ տեսախցիկները սոցիալական լրացուցիչ բեռ են դարձել մարդկանց համար: «Մարդիկ վարկերի տակ են ընկնում, որպեսզի կարողանան վճարել տուգանքները: Հաճախ մարդիկ չեն կարողանում վճարել տուգանքները ու արտագաղթի ճանապարհն են բռնում»,-լրագրողներին ասաց Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը նախաձեռնության կազմակերպած ավտոերթը ընդհատվել էր ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատճառով: Երթի մասնակիցներից 4-ը բերման էին ենթարկվել: Նրանց քիչ անց ազատ էին արձակել ոստիկանության բաժնից՝ առանց վարչական պատասխանատվության մասին արձանագրություն կազմելու:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























