Ուկրաինայում նախագահական ընտրություններից երկու օր անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հաղթողին՝ Պյոտր Պորոշենկոյին: Ուկրաինան դա գնահատել է որպես բարեկամական քայլ, եւ դեսպանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին հունիսի 11-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխինը, որը երկու ամիսների ընթացքում գտնվում էր Ուկրաինայում քաղաքական խորհրդատվությունների անցկացման նպատակով:

Անդրադառնալով այն հարցին, որ այդ կանչը կապվա՞ծ էր արդյոք ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության հետ, Իվան Կուխտան ընդգծեց. «Այո, միանշանակ քաղաքական որոշում էր կայացվել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ կապված, եւ ես Կիեւ էի մեկնել քաղաքական խորհրդատվության համար»: Սակայն, դեսպանի համոզմամբ, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները չեն փոխվել, դրանք կզարգանան ու կընդլայնվեն:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 27-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձեւ է ընդունել 100 «կողմ», 11 «դեմ» (ներառյալ Հայաստանը) եւ 58 ձեռնպահ ձայներով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունած փաստաթղթերի, միայն խորհրդատվական բնույթ է կրում:

Ուկրաինան կայուն կերպով աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի տեսակետը եւ Բաքվի վերազինման գլխավոր մատակարարներից է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am