Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն քաղաքական նարցիսիզմից: Հայտարարությունը հունիսի 11-ին խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է հնչեցրել` մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ նամակի շուրջ մայիսի 29-ին Աստանայում հնչեցրած հայտարարությունը:

Պատգամավորի խոսքով, որոշ սոփեստներ փորձում են հայկական դիվանագիտության եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար արդարացումներ գտնել: Բայց նրանք ընդամենը օդեղեն ամրոցներ են կառուցում: «Հասկացեք վերջապես, թե ինչ իրադրության մեջ ենք հայտնվել: Վերջ տվեք քաղաքական նարցիսիզմին: Իրականում մեր երկրի ներքին իրավիճն այնքան աղետալի է, որ արտասահմանում այլեւս ոչ ոք հարգանք չի տածում մեր առաջնորդների նկատմամբ», - հայտարարել է Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ տնտեսական աղետի դեպքում ոչ թե իշխանությանը կան ընդդիմությանն են մեղադրելու, այլ` բոլորին միասին:

«Բայց իշխանությունը շարունակաբար «քաղցր սուտն» է նախընտրում: Մենք 12 կետից բաղկացած հայտարարություն ենք ներկայացրել: Այդ պահանջները միանգամայն իրատեսական են, մաքսիմալիզմ չկա: Ընդառաջ քայլ արեք, ցույց տվեք, որ պատրաստ եք ինչ-որ բանի: Թե չէ` միայն պնդում եք, որ փոքրամասությունը սեւացնելու համար է, որ «որքան վատ` այնքան լավ» սկզբունքով ենք առաջնորդվում: Իսկ դուք` որպես մեծամասնություն, ժամանակաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն եք», - հեգնել է պատգամավորը: