«Բանդայի» գործով դատական հերթական նիստին այսօր՝ հունիսի 11-ին, գործով դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ եւ երեք ժամով նրան հեռացրեց դատարանի դահլիճից։

Ապացույցների հետազոտման փուլում, երբ դատարանն ուսումնասիրում էր Դավիթ Գալստյանի հետ անցկացված քննչական փորձարարության տեսագրությունը,  ամբաստանյալը նստած տեղից անընդհատ միջամտում էր, ասում, որ չի կարողանում եւ չի ուզում դիտել տեսագրությունը։ Բացի դրանից, ամբաստանյալն անընդհատ ծամոն էր ծամում։ Ի վերջո, դատավորի համբերության բաժակը լցվեց, եւ նա դատարանի նկատմամբ անհարգլալից վերաբերմունքի համար դահլիճց հեռացրեց ամբաստանյալին։

Նիստը վերսկսվելուց հետո դատավորը նախազգուշացրեց, որ տեսանյութում առկա են հայհոյանքներ եւ դահլիճում ներկա կանանց, այդ թվում՝ լրագրողներին, խորհուրդ տվեց սպասել դրսում։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված հինգ անձիք  մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: