Այն բանից հետո, երբ Հայաստանը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, հավանաբար հարցեր կծագեն՝ առաջին հերթին տնտեսական հարաբերությունների մասով, որոնք անհրաժեշտ է կարգավորել երկկողմ մակարդակով: Այդ մասին հունիսի 11-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Նրա խոսքերով՝ ե′ւ Ուկրաինան, ե′ւ Հայաստանը ԱՊՀ-շրջանակներում ազատ տնտեսական գոտու անդամ են: «Բացի այդ, Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված է ազատ առեւտրի մասին պայմանագիր, եւ, բնականաբար, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել  երկկողմ նորմատիվ փաստաթղթերում: Սակայն ես կարծում եմ, որ այս հարցը լուծելի է, քանի որ ե′ւ Ուկրաինան, ե′ւ Հայաստանը շահագրգռված են երկկողմանի տնտեսական համագործակցության խորացման մեջ», - ընդգծեց Իվան Կուխտան: