ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո, Ավագ Պետրոսյան 2 շենքի բնակիչները, օգտվելով առիթից, բակի բարեկարգման խնդրանքով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե բնակիչների ուղեկցությամբ այցելելով բակային տարածք՝ քաղաքապետը տեղում ծանոթացել է բակի ներկա վիճակին, լսել քաղաքացիների առաջարկները: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Ավագ Պետրոսյան 2 շենքի բակի բարեկարգումը եւս ներառել այս տարվա բակերի համալիր բարեկարգման ծրագրում եւ հնարավորին սեղմ ժամկետում սկսել բարեկարգման ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրենց խնդրանքը չմերժելու եւ, ընդհանրապես, երեւանցիների կողմից բարձրացվող խնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերվող մշտական հետեւողականության համար՝ բնակիչները նշել են, որ բակերի բարեկարգման ծրագիրն իսկապես սպասված է երեւանցիների համար, իսկ իրենց բակի պարագայում՝ նաեւ անհրաժեշտություն: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երեւանյան բոլոր բակերը: