Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ աղմուկը հանրությանն օգուտ չէ, հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 3,85 դրամով (10-15%) թանկացման հարցը:
«Ցանկացած պատգամավոր, լինի ԲՀԿ-ից, իշխանությունից, թե այլ խմբակցությունից, նմանի հայտարարություններ անելով ավելորդ շփոթմունք է առաջ բերում: Դա որեւէ մեկի շահերից չի բխում», - ընդգծել է Նազարյանը:
Ի պատասխան հայտարարությանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչությունը պաշտպանում է ավելի շուտ բիզնեսի շահերը, քան՝ սպառողներինը, Նազարյանը նշել է, որ Հանձնաժողովը, ընդհակառակը, միշտ չէ, որ գոհ է էներգետիկ ընկերությունների աշխատանքից: «Երբեմն նրանք խախտում են էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները, չարաշահում իրենց լիազորությունները: Մի շարք դեպքերում մենք նրանց դեմ նաեւ ֆինանսական պատժամիջոցներ ենք կիրառել», - նշել է Նազարյանը:




























