Ուկրաինայի կառավարությունը ԱՊՀ կազմը լքելու գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գերագույն Ռադային է ներկայացրել, եւ խորհրդարանը պետք է որոշում կայացնի: Հայտարարությունը հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է հնչեցրել` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին որոշումը վերջնական է:
Դիվանագետի խոսքով, ճգնաժամի մեկնարկի օրերին ԱՊՀ-ում Ուկրաինան էր նախագահում: «Այդ ժամանակ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ հրավիրելու մեր կոչերն անպատասխան մնացին` ոչ մի ԱԳՆ ղեկավար չարձագանքեց եւ աջակցություն չհայտնեց մեր առաջարկությանը: Առաջարկում էինք Մինսկում կամ Կիեւում նիստ հրավիրել, բայց ապարդյուն: Բնական է, որ Ուկրաինայի կառավարությունն ըստ այդմ որոշել է, որ կազմակերպությունն արդյունավետ չի գործում եւ իրականացված աշխատանքների արդյունքները բավարար չեն մեզ հանար», - նշել է դեսպանը` հիշեցնելով, որ Ուկրաինան այյլեւս հրաժարվել է 2014թ. ԱՊՀ նախագահությունից եւ իր պարտականությունները Բելառուսին հանձնել:





























