Լուրջ աշխատանքներ տանելու դեպքում Հայաստանի տնտեսությունը մինչեւ տարվա վերջ կարող է 8 - 9 տոկոս աճ ապահովել: Տեսակետը հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսին տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, 4 - 4,3 տոկոսի չափով տնտեսական աճի կանխատեսումները իրականությանը չեն համապատասխանում: Բացի այդ, փորձագետը համոզված է, որ տարեկան կտրվածքով, այսինքն` 2015թ.-ին հանրապետության տնտեսական աճը կարելի է երկնիշ ցուցանիշի հասցնել: «Հանրապետության ներուժը ոչ միայն ամբողջությամբ չի կիրառվում. դրա մասին լիարժեք պատկերացում անգամ չկա», - հայտարարել է տնտեսագետը:
Բացի այդ, Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսական աճ ապահովելու նպատակով ներկայիս կառավարությունը պետք է ամեն հնարավորը անի` ներքին եւ արտաքին ներդրողների սասանված վստահությունը վերականգնելու համար: Զուգահեռաբար միկրոբիզնեսի, այսինքն` անհատ ձեռներեցի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որպեսզի վերջինս, առանց ավելի խոշոր բիզնեսի կողմից կլանվելու վտանգի, ինքնարտահայտվելու հնարավորություն ունենա:
Փորձագետը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հեռանկարով անդամակցումը Մաքսային միությանը կարող է սպառողական շուկայի բազմակի մեծացման բերել, ինչը նպաստավոր հանգամանք է հանրապետության տնտեսության համար:




























