Նախագահ Պյոտր Պորոշենկոն հստակ հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ միայն հավասարազոր հիմունքներով կարող է նստել: Հայտարարությունը հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է հնչեցրել` անդրադառնալով Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետագա հարաբերությունների հարցին:

Դեսպանի խոսքով, երկրի նախագահն ասել է, թե քանի որ Ուկրաինան, իր աշխարհագրական դիրքով Ռուսաստանի եւ եվրոպական երկրների հետ է հարեւանություն անում, ապա «Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն անխուսափելի է եւ այլընտրանք չունի»:

Հարցին, թե արդյոք Մոսկվան երբւեէ Ղրիմը կվերադարձնի՞ Ուկրաինային, դեսպանը գերմաներեն է պատասխանել` «Ich weiß nicht» («Չգիտեմ» - Խմբ.), այնուհետեւ հավելել. «Իր ծրագրային ելույթում նախագահն ասել է, որ Ղրիմն ուկրաինական է եւ ուկրաինական էլ կմնա»:

Հիշեցնենք` ընթացիկ տարվա մարտի 16-ին Ղրիմում թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե էր կազմակերպվել: Քվեարկությանը ներկայացած (83,1 տոկոս) ղրիմցիների ճնշող մեծամասնությունը (96,77 տոկոս) Ռուսաստանին միավորվելու օգտին էր արտահայտվել: