Հունիսի 10-12-ը նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում հայ–ավստրիական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Վիեննա քաղաքում ս.թ. հունիսի 12-ին կազմակերպվում է Հայաստան–Ավստրիա գործարար համաժողով երկու երկրների գործարարների մասնակցությամբ:
Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վերոնշյալ միջոցառումը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային գործարար-առաջարկները, ինչպես նաեւ կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Զարգացման հայկական գործակալությունը հանդիսանում է միջոցառման համակազմակերպիչը:
Կներկայացվի Հայաստանի տնտեսական եւ ներդրումային պոտենցիալը, տուրիզմ, էներգետիկա, ագրո ծառայությունների, ինչպես նաեւ ՏՏ ոլորտը:
Գործարար համաժողովին մասնակցում է 34 ընկերություն, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ՝ տրանսպորտ/լոգիստիկա, բանկային ծառայություն, շինարարություն, ոսկերչություն, տուրիզմ, ապահովագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, այլընտրանքային էներգետիկա, սննդի արդյունաբերություն, գազի մատակարարում, բարձր տեխնոլոգիաներ (ազատ տնտեսական գոտի), մսամթերքի արտադրություն, գինու արտադրություն, հիդրոէներգետիկա:
Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիական Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 12279.7 հազար ԱՄՆ դոլար: Արտահանումը ՀՀ-ից Ավստրիական Հանրապետություն կազմել է 243.4 հազար ԱՄՆ դոլար: 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը Ավստրիական Հանրապետությունից Հայաստան կազմել է 243.4 հազար ԱՄՆ դոլար: 2013 թվականի ընթացքում Հայաստանից Ավստրիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են` նամականիշ, զինանշանի թուղթ, բաժնեթղթեր, արժեթղթեր, նրբաթիթեղ ալյումինե, սարք եւ ապարատուրա ֆիզիկական կամ քիմիական անալիզի, միկրոտոմեր:
2013 թվականի ընթացքում Ավստրիայից Հայաստան ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են ոսկի` ներառյալ պլատինի գալվանական պատվածքով, ծխախոտի թուղթ, մարդատար ավտոմեքենա:
ՀՀ-ում գործում են 10 ընկերություն ավստրիական կապիտալով:




























